ՆՈՐԱՎԱՆՔ
Նորավանքի գաղտնիքիներըՆորավանքը (Ամաղու Նարավանք) գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակաշրջանից հայտնի է Ս. Փոկաս եկեղեցին, որը գտնվում է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել , որն ունեցել է բուժիչ հատկություն: IX դ. կառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին: Այդ ժամանակ վանքը կոչվել է Ավագ կամ Խորափոր անապատ (Նորավանք է վերանվանվել 1221-ին ): X դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը տեղափոխվել է Նորավանք, որից հետո նրա մոտ է հաստատվել եղբայրը` Համտուն իշխանը, և կրոնավոր դարձել: Երկու եղբայրները վանքի շրջակայքից հեռացրել են աշխարհականներին, հարևան գյուղերի բնակիչներից հողեր գնելով` ընդարձակել վանքի կալվածքները և Նորավանքի տիրույթի սահմաններին նշանաքարեր կանգնեցրել: Նրանք տիրել են նաև Հրասեկա ու Անապատ բերդերին և 12 ագարակներ: Նորավանքի Ստեփանոս եպիսկոպոսը Ելտկուզ սուլթանից նվեր է ստացել Ագարակի ձորը, Անապատի բերդը, հարկերից ազատել Սյունիքի վանքերը: Նրա օրոք` XIV դ. սկզբին Նորավանքը դարձել է Սյունյաց հոգևոր կենտրոնը: 1216-ին Ստեփանոս եպիսկոպոսին հաջորդած քեռորդին` Սարգիս եպիսկոպոսը, Սյունյաց թեմը բաժանել է Նորավանքի և Տաթևի վանքի միջև: Նորավանքին են մնացել միայն Վայոց ձորը, Ճահուկն ու Նախիջևանը: 1216-21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը Նորավանքում կառուցել են Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որի օծման ժամանակ (1223) Լիպարիտ Օրբելյանի աները` Մեծ իշխան Բուպակը, վանքին է նվիրել Աղբերիս գյուղը: 1223-61-ին կառուցվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը: 1261-ին Իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր և կալվածքներ , իսկ Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր ` Թամթայի հիշատակին: 1273-ին Նորավանքում է թաղվել Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա 1275-ին Տարսայիճ իշխանը ճարտարապետ Սիրանեսի ձեռքով կառուցել է Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը: 1287-ին Սյունյաց մետրոպոլիտ է դարձել Ստեփանոս Օրբելյանը , որը ստանալով մոնղոլական իշխանությունների հովանավորությունը, միացրել է Տաթևի և Նորավանքի առաջնորդարանները, բազմապատկել Սյունյաց միացյալ թեմի տնտեսական հզորությունը, ձեռք բերել նորանոր կալվածքներ: Նա Նորավանքում 1299-ին ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը: 1300-ին զոհվել է Էլիկում իշխանը, որին թաղել են Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատանը: Ստեփանոս Օրբելյանը գրել է «Ողբ ի կաթողիկե» պոեմը, իսկ նրա պատվերով 1302-ին Մոմիկն Ավետարան է ընդօրինակել և նկարագրել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Նրան հաջորդած հորեղբոր `
Լիպարիտ իշխանի որդի Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը 1321-ին կառուցել է Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին, Նորավանքում խաչքար կերտել, ընդօրինակել բազմաթիվ մատյաններ: XIV դ. 1-ին տասնամյակը Նորավանքում Մոմիկի բեղմնավոր գործունեության տարիներն էին. 1304-ին խաչքար է կերտել Ստեփանոս Օրբելյանի հիշատակին, 1307-ին Պողոս վարդապետի հետ Ավետարան գրչագրել և նկարազարդել, 1308-ին Թամթա իշխանուհու պատվերով կերտել խաչքար ` որդիներ Բուրթելի և Բուղդայի «արևշատության» համար: 1318-ին Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատանը թաղել են պատերազմում զոհված Բուղդա իշխանին, որի եղբայր Բուրթելը նրա հիշատակին Նորավանքում խաչքար է կանգնեցրել: Վանքի տարածքում է թաղված նաև Մոմիկը: 1324-31-ին Սյունյաց հոգևոր կենտրոնը ղեկավարել է մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճ Օրբելյանը, որն ուսանել էր Գլաձորի համալսարանում, եղել Եսայի Նչեցու սանը: 1331-39-ին Բուրթել իշխանը կառուցել է Նորավանքի Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին (Բուրթելաշենը): XV-XVI դդ. Նորավանքը շարունակել է մնալ հոգևոր-մշակութային կենտրոն, այստեղ կանգնեցվել են նոր խաչքարեր: XVII դ. կառուցվել են վանքի պարիսպը, բնակելի ու տնտեսական շենքերը: XVIII դ. վանքում տնորինություն են արել մահմեդական հրոսակախմբերը: 1813-ին պարսից Ֆաթալի շահը Նորավանքը հանձնել է Պետրոս-Բեկ Օրբելյանին և հրամայել, որ Ամաղու գյուղի եկամուտը տրամադրվի վանքին: 1840-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից ու լքվել: 1948-49-ին մասնակի նորոգվել է, իսկ 1982-ին սկսել են նրա պեղման, շենքերի վերակառուցման աշխատանքները: Վերականգնվել են Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու ու գավթի գմբեթներն ու ծածկերը, Ս. Գրիգոր եկեղեցու տապանատան ծածկը, Ս. Աստվածածին եկեղեցու սյունազարդ գմբեթը: 1998-ի ապրիլի 18-ին ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի վորաօծվել է Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցին:
Վանքի համալիրի հիմնական հուշարձանախմբի հարավում հնագույն` Ս. Կարապետ միանավ դահլիճն է , կենտրոնում ` գլխավոր, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն Ս. Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, հյուսիսում ` Ս. Գրիգոր միանավ թաղածածկ եկեղեցի-տապանատունը: Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն արևմուտքից կից գավիթը ծածկված է գոցվող թաղերով, ինչը եզակի է հայկական նույնատիպ կառուցվածքների համար: Համալիրի արևելյան կողմում առանձին կանգնած է Ս. Աստվածածին երկհարկ-եռաստիճան եկեղեցին` գմբեթի սյունազարդ ռոտոնդայով: Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված Աստվածածինը, ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով, ներկայացնում է համրահայտ և Հայաստանում լայն տարածում ստացած «Նստած Օդիգիտրիա» պատկերագրական տիպը: Նրանից ձախ, լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ, համապատասխան մակագրությամբ` Եսայի մարգարեն: Փրկչական մարգարեության և Աստվածածնի այսպիսի համատեղ պատկերագրությունը եզակի է հայկական արվեստում: Գավթի լուսամուտի ճակատակալ քարն ունի ավելի հարուստ բովանդակությամբ բարձրաքանդակ: Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով, տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր ձվաձև աչքերով, գանգուր մազերով և երկար գիսակներով: Աստծո այսպիսի պատկերագրությունն աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստվածը պատկերվում է խորհրդանշական ձևով (օրինակ, երկնքից իջած Աջի տեսքով): Աստծո մորուքից ցած քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշը` խաչաձև լուսապսակով աղավնին, որի կտուցը հպված է Աստծո ձախ ձեռքում պահվող Ադամի (քանդակված է միայն գլուխը) շուրթերին: Քարի աջ եզրին սերովբեի քանդակ է, իսկ աջ կողմում, Հայր Աստծո օրհնող Աջի տակ` խաչված Քրիստոսը, որի երկու կողքերին Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչն են: Ներքևում պատկերված է պառկած և ձեռքը դեպի «Խաչելությունն» ուղղած Դանիել մարգարեն: «Խաչելության» դասական պատկերագրությունը զուգակցված է Ահեղ դատաստանի հետ: Նորավանքում բարձրաքանդակի հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել և կերտել կանոնիկ պատկերագրական թեմաները: Դրա արտահայտություններից է նաև Աստծո շունչը Սուրբ Հոգով փոխարինելը, որը եզակի է քրիստոնեական պատկերագրության մեջ: Ուշագրավ է նաև Հայր Աստծո մորուքի մեջ պատկերված աղավնին, որը կտուցով ուղղված է դեպի Աստծո շուրթերը: Այս բոլոր առանձնահատկությունների շնորհիվ Նորավանքի գավթի քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:
Ս. Աստվածածին եկեղեցու 1-ին հարկի մուտքի բարավորին քանդակված են գահավորակի վրա նստած Աստվածածինը` գոգին մանուկ Հիսուսը և երկու կողմերում կանգնած Գաբրիել ու Միքայել հրեշտակապետերը, վերին հարկի մուտքի ճակատակալ քարին` Քրիստոսը (մինչև գոտկատեղը), նրա երկու կողքերին` Պողոս և Պետրոս առաքյալները: Յուրօրինակ հորինվածքով կտիտորական բարձրաքանդակ (այժմ` խիստ վնասված) կա եկեղեցու գմբեթի սյուներին, որոնցից արևմտյանի վրա քանդակված է գորգով ծածկված, բազմոցին նստած Աստվածածինը` ձախ ձեռքով մանուկ Հիսուսին պահած: Կողքի սյուներին պատկերված են Բուրթել իշխանը` եկեղեցու մանրակերտով, և Բեշքեն իշխանը` ողջ հասակով: 1983-ին Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվել է արևելյան պատից ընկած (այժմ ագուցված է տեղում) Օրբելյան իշխանական տան զինանշանը` մագիլներում եղնիկ բռնած արծվի բարձրաքանդակը, իսկ Ս. Գրիգոր եկեղեցու կողքին` մի գեղաքանդակ խաչքար, որի վերին մասում «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակն է, շուրջը` ավետարանիչների խորհրդանիշերը, իսկ խաչի երկու կողմերում, շեղանկյունիների մեջ պատկերված են (մինչև գոտկատեղը) տասներկու առաքյալները` Սուրբ Գիրքը ձեռքերին: Նորավանքն իր ճարտարապետությամբ և քանդակների առանձնահատկություններով և գեղարվեստական բարձր արժանիքներով Հայաստանի XIV դ. լավագույն վանական համալիրն է:
Комментариев нет:
Отправить комментарий