Հովհաննավանք
Հովհաննավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջափնյա բարձրադիր սարավանդի եզրին: Հիմնվել է վաղ միջնադարում, եղել հոգևոր, մշակութային և գիտակրթական կենտրոն: Ըստ ավանդության՝ Հովհաննավանքի հիմնադիրը և առաջին վանահայրը եղել է Գրիգոր Ա Լուսավորիչը, որն այստեղ է բերել և թաղել Հովհաննես Մկրտչի մասունքները: Ենթադրվում է, որ այդ պատճառով է սրբատեղին կոչվել Հովհաննավանք: Գրիգոր Ա Լուսավորիչն իրենից հետո վանահայր է կարգել ոմն Սյուղիանոսի, որի անունով Հովհաննավանքը մատենագրության մեջ հիշատակվում է նաև Սյուղի անապատ անունով:
Պահպանված հնագույն կառույցը Ս. Կարապետ միանավ եկեղեցին է (V դ.), որը մեզ է հասել բազմաթիվ վերաշինություններով: V դ. 2-րդ կեսին Վահան Մամիկոնյանը նորոգել է եկեղեցու ծածկը և վանահայր նշանակել Ղազար Փարպեցուն, որը, հավանաբար, այստեղ է գրել իր ՙՊատմություն Հայոց՚ երկը: Հիշատակություն կա, որ VI դ. կեսին Դվինից Հովհաննավանք է եկել ոմն Գևորգ Մանկիկ և ձեռագրեր ընդօրինակել: VII դ. վանքը զգալի դեր է կատարել երկրի քաղաքական կյանքում և դավանաբանական վեճերում, որոնց գործուն մասնակցություն է ունեցել Բաբիլաս վանահայրը:
Վանքի շինարարական և մշակութային գործունեությունը վերելք է ապրել XII–XIII դդ.: Ըստ վիմագիր արձանագրությունների՝ XII դ. վերջին Կյուրիկյան Աբաս Ա Բագրատունի թագավորի կնոջ՝ Նանայի (Վանենու) միջոցներով և նրա որդեգիր Մարգարե եպիսկոպոսի հսկողությամբ կառուցվել է վանքի պարիսպը: 1221-ին իշխան Վաչե Վաչուտյանի հովանավորությամբ և Աստվածատուր վանահոր ջանքերով կառուցվել է վանքի Կաթողիկե եկեղեցին, որը նույնպես կոչվել է Ս. Կարապետ: Վաչեի որդի Քուրդ իշխանը 1243-ին, Մկրտիչ վանահոր օրոք կառուցել է եկեղեցու գավիթը: Այդ ժամանակաշրջանում վանքը եղել է Ամբերդ և Նիգ գավառների եպիսկոպոսանիստը, ունեցել մեծ ազդեցություն և ընդարձակ տիրույթներ:
XIII դ. վերջին քառորդին վանքի առաջնորդ է եղել Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանը (1274–1300): Նրա օրոք գրվել և ընդօրինակվել են հայոց պատմագրքեր (որոնց մի մասը մեզ հասած այդ երկերի հնագույն օրինակներն են), գործել են վանքի դպրոցն ու գրադարանը: XIV դ. սկզբին նրա գործը շարունակել է ազգական և հաջորդ Ներսես Մամիկոնյանը: Վերջինս նաև արտագրել է ձեռագրեր:
XV դ. վանքը դեռևս պահպանել է իր ազդեցիկ դերը երկրի քաղաքական և հոգևոր կյանքում: Այդ է վկայում այն փաստը, որ 1441-ին Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատվելու հետ միաժամանակ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցին Հովհաննավանքի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսին շնորհել է աթոռակալի կարևոր պաշտոնը: Այդ պաշտոնը անցել է նաև նրա հաջորդ Գաբրիել եպիսկոպոս Վաղարշապատցուն:
Միաբանության հոգևոր և մշակութային կյանքը, ինչպես նաև վանքի տնտեսությունը նոր վերելք է ապրել XVII դ.: 1637-ին վանահայր Զաքարիա Վաղարշապատցին լայն գործունեություն է ծավալել վանքի տիրույթների ընդարձակման և հզորացման համար: Այդ ժամանակաշրջանում նոր ընդօրինակություններով համալրվել է գրադարանը, հիմնվել է բարձր կարգի հոգևոր դպրոց, որտեղ դասավանդել են Սիմեոն Ջուղայեցին (բնական գիտություններ), Նիկողայոս Լվովցին (երաժշտություն), Զաքարիա Քանաքեռցին (հայոց լեզու): Վերջինս իր երկերում շարադրել է նաև Հովհաննավանքի պատմությունը: Կառուցվել են նոր առաջնորդարան, սեղանատուն, տնտեսական շինություններ, նորոգվել են եկեղեցիները, գավիթը և պարիսպը: Զաքարիա Վաղարշապատցուն հաջորդել է նրա աշակերտ Հովհաննես Կարբեցին, որը վերակառուցել է գավթի հյուսիսային պատին կից տապանատունը:
Երևանի 1669-ի հզոր երկրաշարժը զգալի վնաս է հասցրել վանքին, հիմնովին ավերվել են միանավ սրահի ծածկը և Կաթողիկե եկեղեցու գմբեթը: Դրանցից առաջինը վերակառուցվել է 1734-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացու հանձնարարությամբ, վանահայր Հակոբ վարդապետի ջանքերով, իսկ երկրորդը՝ 1682-ին՝ վանահայր Սարգիս Կարբեցու օրոք:
XVIII դ. վանքն ապրել է անկման ժամանակաշրջան, կորցրել է իր կալվածները և վիճակը, իսկ XIX դ. սկզբին՝ լրիվ ամայացել: 1918-ի երկրաշարժից ամբողջությամբ ավերվել են Կաթողիկե եկեղեցու գմբեթն ու ծածկը, ինչպես նաև հարավային պատի մեծ մասը և արևելյան պատի հարավային հատվածը: Վտանգավոր ճաքեր և տեղաշարժեր են առաջացել գավթի կրող կառուցվածքներում:
1923-ից վանքը, որպես պատմամշակութային հուշարձան, վերցվել է պետական պահպանության ներքո: Կատարվել են ամրակայման և վերականգնման մեծածավալ աշխատանքներ (1938–1954-ին, հեղինակ՝ ճարտարապետ Ն. Տոկարսկի): 1993-ին ավարտվել է Կաթողիկե եկեղեցու ամբողջական վերականգնումը (հեղինակ՝ ճարտարապետ Հ. Գասպարյան): 2001-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Հովհաննավանքը հանձնվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը, որը և շարունակում է գավթի ամրակայման և վերականգնման աշխատանքները:
Վանական համալիրի տարբեր ժամանակներում կառուցված հիմնական շինությունները՝ միանավ եկեղեցին, Կաթողիկեն, գավիթը և տապանատունը, այդուհանդերձ, կազմում են ներքին տարածքով միմյանց հետ հաղորդվող, հավաք և ամբողջական մի հորինվածք՝ Կաթողիկեի բարձր և վեհաշուք գմբեթի գերիշխությամբ:
Վանքի V դ. եկեղեցին իր ժամանակին բնորոշ, արևելքից արևմուտք ուղղությամբ ձգված միանավ սրահ է, որի սկզբնական փայտաշեն ծածկը VI դ. փոխարինվել է թաղով: Այն կրել են երեք զույգ որմնասյուների վրա հենված պայտաձև կամարները:
Մուտքը, որ նախապես եղել է հարավից, հետագայում, այդ կողմում միանավ եկեղեցուն կից վանքի Կաթողիկեն կառուցելու հետևանքով, փակվել է: Նոր մուտքը բացվել է արևմուտքից և այժմ գտնվում է ավելի ուշ կառուցված գավթում: 1669-ի երկրաշարժից ավերված ծածկը 1734-ին փոխարինվել է նախկինից 4 մ ավելի ցածր տեղադրված և սլաքաձև կամարների վրա հենվող թաղով: Այդ շրջանում նորոգվել, ձևափոխվել և ամրացվել են նաև վնասված պատերն ու որմնասյուները: Նախնական կառույցից անխաթար պահպանվել են արևմտյան կողմի երեք և հարավային կողմի մեկ՝ պայտաձև կամարներով պսակված պատուհանները: Եկեղեցու ճարտարապետական ձևերը պարզ են՝ զուրկ զարդաքանդակային հարդարանքից: Բացառություն է կազմում արևելյան պատի զույգ թռչուններ պատկերող բարձրաքանդակը, որը տեղադրվել է XIII դ.՝ որպես Վաչուտյանների տոհմանշան: Ըստ մատենագրական աղբյուրների, եկեղեցին հարավային կողմում ունեցել է փայտաշեն ծածկով գավիթ, որը քանդվել է Կաթողիկեի կառուցման ժամանակ:
Ս. Կարապետ Կաթողիկե եկեղեցին իր հորինվածքով պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում՝ երկհարկ ավանդատներով: Ներքին խաչաձևությունն արտաքինից արտահայտվել է յուրաքանչյուր կողմում առանցքային բարձրադիր ճակտոնների առկայությամբ: Աղոթասրահի արևմտյան հատվածի հյուսիսային և հարավային պատերից ելուստավորված միակտոր քարե բարձակային աստիճանները, որ ձևավորված են բեկված քանդակազարդ եզրագոտով, տանում են արևմտյան ավանդատների վերին հարկերը: Եկեղեցու միակ՝ արևմտյան շքամուտքը ձևավորված է աստիճանաձև դեպի ներս խորացող տարբեր հարթությունների վրա գտնվող նեղ և սլացիկ կամարակապ որմնասյուներով, որոնց միջանկյալ տարածքը, ինչպես նաև դռան՝ մեծածավալ քարերից կառուցված շրջանակի մակերեսը ամբողջությամբ մշակված են երկրաչափական և բուսական նուրբ, հյուսածո զարդաքանդակներով: Դրանք տարածվում են նաև դռան կիսաշրջան ճակատակալ քարի վրա, որտեղ պատկերաքանդակված են գահին բազմած Քրիստոսը և նրա երկու կողմերում կանգնած ՙիմաստուն և հիմար կույսերը՚: Հարուստ մշակում ունի նաև բեմի ճակատը, որը հարդարված է կարմիր և սև քարերից պատրաստված և նուրբ զարդաքանդակված հնգաթև աստղերի, հնգակողմ բազմանկյունների և շեղանկյունների համադրությամբ: Արևելյան և հարավային (տեսանելի) ճակատների հարթությունները ջլատված են եռանկյուն հատվածքով ուղղաձիգ զույգ խորշերով, որոնք ավարտվում են նուրբ ժանեկավոր քանդակազարդ պսակով: Ճակատների հարդարանքի տարրեր են նաև տրամատավոր գոտիները, որոնք խաչաձևությամբ շրջանակում են առանցքային պատուհանները, մյուս պատուհանների կիսաշրջան պսակները, վարդյակները և թռչնաքանդակները: Եկեղեցու ծավալը պսակվում է 12-նիստանի հսկա գմբեթով, որը հարդարված է անկյունային զույգ որմնասյուներով և ծածկված հովհարաձև սլացիկ վեղարով:
Գավիթը կառուցվել է Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատին կից, նրանից ավելի լայն և նրա երկայնական առանցքից դեպի հյուսիսային մի փոքր շեղումով, ինչը հնարավորություն է տվել միաժամանակ ընդգրկել երկու եկեղեցիների մուտքերը: Այդուհանդերձ, պահպանվել է գավթի և եկեղեցու հարավային պատերի շարունակականությունը միևնույն հարթության վրա: Գավիթը քառակուսի հատակագծով կենտրոնակազմ և քառասյուն ընդարձակ դահլիճ է, որտեղ սյուները կամարներով կապվում են միմյանց և հանդիպակաց պատերի որմնասյուների հետ՝ ներքին տարածքը բաժանելով կենտրոնական մեծ և եզրային ութ փոքր քառակուսի հատվածների: Կենտրոնականը վերևում ստալակտիտային տրոմպների միջոցով ձևափոխվում է ութանկյուն լայն բացվածքի (երդիկի), որը պսակվում է 12 սյուների վրա հենված զանգաշտարակով: Մյուս հատվածներն ունեն տարատիպ առաստաղներ. արևմտյանները՝ գմբեթածածկ և գլանաձև թաղ, արևելյան միջինը՝ ստալակտիտավոր, հարավ-արևելյան անկյունայինը՝ խաչվող գծեր, հարավային միջինը՝ հարթ: Կառույցը ծածկված է չորս կողմերի ճակտոններով ստեղծված ութլանջ տանիքով: Արևմտյան ճակատին ասիմետրիկ, սակայն եկեղեցու առանցքով տեղադրված շքամուտքը ձևավորված է դռան բացվածքը երիզող կամարակապ որմնասյուներով՝ ամփոփված քառանկյուն քանդակազարդ շրջանակի մեջ: Վերջինիս ներքին հարթ մակերեսը դրվագված է շեղանկյուն տարրերի զարդանախշով: Ճակատակալ քարի վրա պահպանվել է բազմատող և գեղագիր նվիրատվական մի արձանագրություն, որն ընդհանուր հարդարանքի մաս է կազմում: Շքամուտքից վեր կան միջնասյունով անջատված զույգ պատուհանի բացվածքներ՝ առնված ստալակտիտային մշակումով ճակտոնին ներգծվող որմնակամարի մեջ: Շքամուտքի երկու կողմերում ճակատի հարթությունը ձևավորված է սլացիկ զույգ որմնասյուներին հենված կամարաշարով, որը մեկական թռիչքի չափով անցնում է նաև հյուսիսային և հարավային ճակատներին:
Գավթի հյուսիսային պատին կից պահպանվել է տարբեր ժամանակներում կառուցված երկու շինությունների համադրությամբ ստեղծված, անկանոն հատակագծով մի կառույց, որը XVII դ. կոչվել է տապանատուն (Զաքարիա Սարկավագ): Ենթադրվում է, որ դրա արևմտյան հատվածը պատկանել է առավել հին մի կառույցի, որը նրա տեղը զբաղեցնող գավթի շինարարության ժամանակ մասամբ քանդվել է: Հետագայում, պահպանված մասն օգտագործելու նպատակով, այն նորոգվել և արևելյան կցակառույցով միացվել է միանավ սրահին:
Վանական համալիրի տարածքը հյուսիսային, արևմտյան և հարավային կողմերից շրջափակված է կիսաշրջան բուրգեր ունեցող պաշտպանական պարսպով, որի մուտքը գտնվում է արևմտյան հատվածի կենտրոնական մասում: Արևելյան կողմից բնական անառիկ պատնեշ է ծառայել կիրճը:
Կառույցների ներսում, վանքի տարածքում և պատմական գերեզմանոցում պահպանվել են բազմաթիվ քանդակազարդ և արձանագիր հուշարձաններ՝ խաչքարեր, տապանաքարեր: Պարսպից դուրս, մուտքի մոտ՝ երկաստիճան պատվանդանի վրա, կանգնեցված է բազմանիստ կամարաքանդակ խարսխով և բարդ տրամատավորված խոյակով հուշասյուն: Պահպանվել են նաև շինարարական, նվիրատվական և այլ բնույթի հարյուրից ավելի վիմագիր արձանագրություններ:
Комментариев нет:
Отправить комментарий